ԵՄ-ն պետք է «գործի համարձակ եւ վստահ», որպեսզի չդառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային պատերազմների զոհը, «իր շահերն ու արժեքները» պաշտպանի ավելի ու ավելի համառ դարձող Չինաստանից եւ հակազդի իր անվտանգությանը Ռուսաստանի կողմից մշտական սպառնալիքին: Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետի պաշտոնակատար եւ Եվրոպական խորհրդի նախագահ նշանակված Շառլ Միշելը, որն այս պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ին, փոխանցում է Politico-ն: 

«Ես խորապես հավատում են, որ Եվրոպական խորհուրդը միջազգային ասպարեզում պետք է առաջատար դերակատարում ունենա»,- ասել է Միշելը՝ հավելելով, որ հակառակ դեպքում դա ուրիշները կանեն:

Միշելը նշել է, որ Եվրոպական խորհուրդը հավանություն է տվել ռազմավարական օրակարգին, որը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործողությունների, միգրացիայի ու ապաստանի ոլորտում քաղաքականության շուրջ ձգձգված վեճի կարգավորման եւ նոր երկարաժամկետ բյուջեի մասին համաձայնագրի արագ կնքման կոչ է անում: Ընդ որում՝ նա նշել է, որ «Brexit-ը ամենաբարդ խնդիրն է, որի հետ հիմա բախվում են»: «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Միացյալ Թագավորությունը շուտով որոշման կհանգի, որովհետեւ Եվրոպայում, նաեւ Մեծ Բրիտանիայում մարդիկ եւ ընկերությունները գոհացնող լուծման կարիք ունեն»,- ասել է նա:

Միշելը ԵՄ-ն պատկերել է որպես բազմակողմության պաշտպան: Նա նշել է այս շաբաթվա սկզբին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման մասին եւ պնդել, որ ԵՄ-ն չդառնա Չինաստանի հետ Թրամփի առեւտրային պատերազմի զոհը, անգամ չնայած նրա այն պնդումներին, որ «Միացյալ Նահանգները մնում է Եվրամիության ամենաուժեղ դաշնակիցը»:

«ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մրցակցությունը նույնպես որոշում է այսօրվա միջազգային հարաբերությունները,- ասել է նա: - Մենք այս հարցը մի քանի օր առաջ քննարկել ենք Մայք Պոմպեոյի հետ: Եվրոպան չպետք է դառնա ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածության զոհը: Եվրոպան իր շահերն ունի եւ պետք է ամուր գործընկերային հարաբերություններ կառուցի: Բայց անչափ դժվար է ջանքերի միավորումը, երբ կարեւոր գործընկերները կասկածի տակ են դնում այսօրվա բազմակողմ համակարգը»:

Միշելը նաեւ ԵՄ-ին կոչ է արել իր դիրքորոշումը պաշտպանել Չինաստանի առջեւ, որը, նրա խոսքով, «գործում է մեծ վստահությամբ»: «Չնայած Չինաստանը պաշտպանում է որոշ ավանդական ինստիտուտներ, մենք գիտենք, որ նա նաեւ դրանք օգտագործում է սեփական ռազմավարական նպատակներին հասնելու համար»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «Չինաստանն առավել համառ է գործում այնպիսի վայրերում, ինչպես Աֆրիկան եւ նույնիսկ Եվրոպան»:

«Այս պատճառով մենք պետք է ներգրավենք նրանց որպես մեր ռազմավարական գործընկեր: Բայց դա պետք է անենք առանց պարզամտության՝ ի պաշտպանություն մեր շահերի եւ արժեքների»:

Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ն պետք է հակազդի «Եվրոպայի արեւելյան սահմանին եւ հարավում» իր անվտանգությանը Ռուսաստանի կողմից սպառնալիքին: «Ռուսաստանը մեր հարեւանն է,- ասել է նա: - Եվ մենք պետք է գործ ունենանք այս իրողության հետ»: