Հայաստանի համար Սիրիայի շուրջ իրավիճակը չափազանց զգայուն հարց է, եւ մարդասիրական առաքելությունը դրա վկայությունն է: Այս մասին սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ տվյալ հարցում մոտեցումները հիմնված են ինքնիշխանության եւ ազգային շահերի վրա:

«Մենք չենք փորձում ինչ-որ մեկին դուր գալ: Մարդասիրական առաքելությունը հիմնված է մեր հայտարարած նպատակների վրա»,- նշեց նախարարը: Միեւնույն ժամանակ, նա նշեց իրողությունների առկայությունը, որոնց հետ պետք է հաշվի նստել եւ երկխոսություն վարել գործընկերների հետ:

Այդ առնչությամբ նախարարը նշեց գործընկերների՝ Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման կարեւորությունը:

«Շահերի համեմատությունը մարտահրավեր է արտաքին քաղաքականության համար, եւ անհրաժեշտ է խորը երկխոսություն բոլոր գործընկերների հետ: Սիրիական հարցում մենք ղեկավարվում ենք մեր հայրենակիցների անվտանգության սկզբունքներով»,- ընդգծեց ԱԳՆ ղեկավարը: