Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի 15 ուսանողներ «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրեն էկոլոգիայի բնագավառին վերաբերող 140 հոդվածներով: «1 տոկոս գիտելիք սերունդներին» խորագիրը կրող աշխատանքների շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր` մարտի 29-ին։ Աշխատանքները ստեղծվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում:

Ծրագրի նպատակն է երիտասարդներին ներգրավել գիտության ոլորտում, ինչպես նաեւ ինտերնետային հանրագիտարանում ավելացնել հայկական հոդվածների թիվն ու հզորացնել ինտերնետային հայկական ռեսուրսները: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Տաթեւիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝  պիլոտային այս ծրագիրն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանի հայկական շտեմարանը համալրելու գործում աշխատել են ոչ թե անհատներ, ինչպես դա սովորաբար արվում է, այլ աշխատանքային խումբ:

«Այս պատճառով էլ ՀՊՏՀ տասնհինգ 3-րդ կուրսեցիներից բաղկացած խումբը նշված նախաձեռնության համար «Վիքիպեդիա»-ի կողմից արժանացել է բրոնզե մեդալի»,-ասաց Տ. Հարությունյանը՝ նշելով, որ ծրագիրը կլինի շարունակական, որի շրջանակներում «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրվեն նաեւ այլ ուսանողական աշխատանքային խմբերի կողմից եւ կգրվեն տարբեր թեմաներին վերաբերող հոդվածներ:

Նշենք, որ ներկայումս «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանում կա 13.398 հոդված, ադրբեջաներեն՝ 55.621 հոդված, իսկ թուրքերեն հոդվածների թիվը ավելի քան 150,000 է: