Ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքը ռեպորտաժ է նվիրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշմանը։

«Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, բայց կարեւոր հաղթանակ է տարել։ Հայաստանի Սահմանադրական դատարանն ընդունել է, որ պետության նախկին ղեկավարի ձերբակալությունը հակասում է հիմնական օրենքին, որի համաձայն՝ Քոչարյանն անձեռնմխելիություն ունի։

Քոչարյանի կողմնակիցները, որոնք հավաքվել էին դատարանի շենքի մոտ, որոշումն ընդունել են ծափահարություններով։

Իր հերթին, փաստաբան Արամ Վարդեւանյանն ասել է, որ փորձելու է հասնել պաշտպանյալի շուտափույթ ազատ արձակմանը։

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահն է եղել 1998-2008 թվականներին։ Նրան մեղադրում են բարձր պաշտոնից հեռանալուց ոչ շատ առաջ բողոքի ցույցերը ցրելու, ինչպես նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Անցած տարվա հուլիսին Քոչարյանին ձերբակալեցին։ Գրեթե մեկ տարի նա անցկացրեց ճաղերի հետեւում, հետո բաց թողնվեց, իսկ մեկ ամիս անց՝ 2019-ի հունիսին, նորից բանտարկվեց։

Ինքը՝ Քոչարյանը, հայտարարում է, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, իսկ բոլոր մեղադրանքները սարքված են»,- նշվում է ռեպորտաժում։