ՀՀ իշխանությունները պետք է հստակեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իրենց դիրքորոշումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ ԼՂ հարցը երբեք չի հանդարտվի, քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս քվոյի պահպանումը:

«Երբ կասկած է առաջանում, թե ուժային կենտրոնները համակերպվել են ստատուս քվոյի հետ, Ադրբեջանը ինչ-որ քայլեր է ձեռնարկում, օրինակ՝ սահմանին լարվածություն է ստեղծում»,- հստակեցրեց Հակոբյանը:

Նա նշեց, որ Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո Բաքուն հարց բարձրացրեց այն մասին, թե որն է Երեւանի դիրքորոշումը:

«Օրինակ, երբ Փաշինյանն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ»: Կամ էլ այն հարցը, թե, այնուամենայնիվ, Երեւանը պատրա՞ստ է կարգավիճակի հարցով բանակցություններ վարել: Հետագա հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչներն անպայման կբարձրացնեն այդ հարցը: Հստակեցման անհրաժեշտություն ենք զգում նույնիսկ մենք՝ ինչպես Երեւանում, այնպես էլ Ստեփանակերտում: Ղարաբաղում եւս ցանկանում են հասկանալ՝ դա հայտարարություն էր ներքին լսարանի համար թե ոչ, ինչ-որ բան փոխվել է, թե ամեն ինչ նույնն է մնացել»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:  

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանին, եւ այդ արտահայտությունը նշանակում էր, որ Երեւանը լուրջ ազդեցություն կունենա Ղարաբաղում առաջիկա ընտրությունների վրա:

Ընդ որում, Հակոբյանի խոսքով, եթե այդ հայտարարությունն ուղղված լիներ արտաքին ուժերին, ապա Փաշինյանն այդ հայտարարությունից հետո պետք է հայտարարեր, որ պատրաստ է բանակցություններ վարել Ստեփանակերտի անունից եւ պատրաստ է գնալ միավորման ճանապարհով:

«Ի դեպ, 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ն եւ ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդը Հայաստանի կազմին Լեռնային Ղարաբաղի միավորման մասին համատեղ որոշում կայացրեցին: Եվ դե յուրե այդ որոշումը չի չեղարկվել»,- նկատեց փորձագետը՝ հավելելով, որ եթե ՀՀ իշխանությունները որոշեն գնալ այդ ճանապարհով, ապա նրանք պահուստում միշտ ունեն այդ որոշումը: