Ապաստարանների կառուցման եւ հարմարեցման աշխատանքները միշտ մեր ուշադրության կենտրոնում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Ապաստարանների կառուցման եւ հարմարեցման աշխատանքները միշտ մեր ուշադրության կենտրոնում են եւ մենք հիմա երկու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Առաջինը` բոլոր գոյություն ունեցող թաքստոցների կամ նկուղների հարմարեցումն է որպես ապաստարան եւ էդ ուղղությամբ բավականին ֆինանսական միջոցներ ենք հատկացրել նախորդ տարիներին, այս տարի նույնպես: Ինչպես նաեւ 0-ից, նոր պահանջներին համապատասխան ապաստարաններ կառուցելու նպատակով նույնպես պետական բյուջեում համապատասխան գումարներ ենք նախաստեսել: Արդեն երկրորդ տարին 250 մլն դրամ նախատեսել ենք միայն քաղպաշտպանության միջոցառումների համար, իսկ դրանց գերակշիռ մասը ուղղվում է հենց ապաստարանների կառուցմանը»,-ասաց նա:

Պետնախարարը նշեց, որ այս տարի շուրջ 6 ապաստարանն  կկառուցվի, նաեւ կվերնորոգվեն գոյություն ունեցողները:

«Միջինում մեկ ապաստարանի կառուցման  ծախսը տատանվում է 20-25 մլն դրամ: Իհարկե դրանք մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում, եթե մենք միանգամից ցանկանանք այդ խնդիրը լուծել, դրա համար մենք յուրաքանչյուր տարի այդ նպատակի համար գումարներ կնախատեսենք»,- ընդգծեց նա: