2019թ հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը աճել է ավելի քան 84000 զբոսաշրջիկով՝ կազմելով 770000 զբոսաշրջիկ (աճ 12%)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, ոլորտում բազում խնդիրներ կա, որի մասին, ես և գործընկերներս, բարձրաձայնում և խոսում ենք բյուջետային քննարկումների ժամանակ, բայց կա մի անչափ կարևոր փոփոխություն։

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ։ Սա խոսում է զբոսաշրջային ժամանումներից ավելի շատ հավելյալ արժեք ստեղծելու մասին։ Իհարկե, չափազանց կարևոր կլինի դիտարկել նաև հյուրանոցների բեռնվածության գործակիցը, բայց հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսությունում տեղավորված զբոսաշրջիկների հավելաճը տպավորիչ է՝ շուրջ 60%:

Մասնավորապես, եթե 2018թ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսությունում տեղավորվել էին ժամանողների միայն 20% (շուրջ 140000 զբոսաշրջիկ), ապա 2019թ․ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29%: Ըստ այդմ, կարող ենք եզրակացնել, որ զբոսաշրջային ոլորտում առկա է նաև որոշակի որակական աճ՝ ինչն էլ բերում է հավելյալ արտարժութային մուտքերի։