«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն գույքի վաճառք է իրականացնում: Այս հարցն ընդգրկված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում։ ՀԾԿՀ–ի որոշման նախագծում ասված է. ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2019 թվականի հուլիսի 23-ի №01-16/811 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով համաձայնություն տալ սեփականության իրավունքով Ընկերությանը պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող №6/2/1 պոմպակայան հասցեում գտնվող գույքային համալիրի (հոր՝ 134,6 քառ.մ, հոր՝ 134,6 քառ.մ, հոր՝ 30,3 քառ.մ, պոմպակայան՝ 68,4 քառ.մ., պարիսպ՝ 87,47 քառ.մ, 192,94 խմ եւ հողամաս՝ 0,6 հա) աճուրդի արդյունքներով «Արմենիան Տոբակո Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ առուվաճառքի պայմանագիր կնքելուն»։

Բացի այդ, որոշման նախագծոըմ նշվում է, որ հանձնաժողովի կողմից գործարքին համաձայնություն տալը, «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, չի խախտում էներգետիկ համակարգի հուսալիությունը, անվտանգությունը եւ ներքին շուկայի սպառողների շահերը, չի սպառնում ազգային անվտանգությանը եւ պետական շահերին։