Իրանյան միջուկային համաձայնագիրը միակողմանի շարժումների համար ճանապարհ չէ: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Ակբար Սալեխին՝ հավելելով, որ ԵՄ-ն չի կատարել իր խոստումները, հաղորդում է Mehr-ը:

ՄԱԳԱՏԷ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Քորնել Ֆերուտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ԵՄ-ը պետք է փոխհատուցի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, սակայն, ցավոք, եվրոպացիները չեն կարողացել միջոցներ ձեռնարկել եւ կատարել խոստումները:

«Շատ ավելի վատն է ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը, որ եվրոպացիները կպահպանեն համաձայնագիրը, քանի դեռ Իրանն է պահպանում այն: Հետաքրքիր է՝ զգո՞ւմ են արդյոք նրանք պատասխանատվություն այդ գործարքի նկատմամբ: Նրանք այդպես չեն գործել մինչեւ ներկայիս փուլը»,-ասել է Սալեխին:

Ալի Ակբար Սալեխին բանակցություններ է անցկացրել Քորնել Ֆերուտոյի հետ քննարկելու Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ ընթացիկ համագործացկությունը:

Դա Ֆերուտոյի՝ Իրան կատարած առաջին այցն է այն բանից հետո, երբ ռումինացի դիվանագետը գլխավորել է ՄԱԳԱՏԷ-ն նախկին գործադիր տնօրեն Յւկի Ամանոյի մահից հետո: