Իրանական փորձագիտական հանրույթի եւ պետական մարմինների համակարգված աշխատելաոճի ամենահետաքրքրական վերջին դրսեւորումներից մեկը Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի՝ օրակարգ վերադարձնելուն միտված ջանքերն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այսպես, այս տարվա օգոստոսին Հարավային Կովկասի եւ Հայաստանի հարցերով Իրանում ամենաճանաչված փորձագետներից մեկը հանդես եկավ հրապարակային վերլուծությամբ, որի մեխը իրանական շահերի տեսանկյունից Հայաստան-Իրան երկաթուղու կարեւորության ընդգծումն էր եւ դրան հետեւած առաջարկը հենց Թեհրանի ջանքերով ստեղծելու այս ծրագրով զբաղվող Հայաստան-Իրան-Չինաստան եռակողմ հանձնաժողով։

Կարծում եմ՝ ամենեւին պատահական չէ, որ արդեն սեպտեմբերի սկզբին Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԵԱՏՄ-ի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի իրականացման գործնական քայլերին նվիրված եւ նախագահականում անցկացված առանձին նիստի ընթացքում հատուկ շեշտել է այն կարեւորությունը, որ Իրանի համար ունի երկաթուղային եւ ծովային փոխադրումների ոլորտներին առնչվող ենթակառուցվածքների կատարելագործումը եւ ընդլայնումը։

Չգիտեմ, որքանով են Հայաստանի պատկան մարմինները որսացել այս ուղերձները կամ արդյոք ընդհանրապես տեղյա՞կ են դրանցից, բայց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կրկին արդիականանում է՝ ուշագրավորեն հենց իրանական կողմից եկող ազդակների միջոցով»,–նշել է նա։