Ճիշտ մոտեցում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Կարծում եմ՝ ճիշտ մոտեցում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին, որովհետեւ տարիներ շարունակ Արցախի իշխանությունները պնդել են, որ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ անհրաժեշտություն է, որը կբարձրացնի այդ հանդիպումների, կամ այդ գործընթացի արդյունավետությունը: Այս առումով շատ ողջունելի է, որ Հայաստանի նոր Կառավարությունը որդեգրել է այդ քաղաքականությունը եւ մենք միասին առաջ ենք գնում այդ առումով:  Նաեւ կարեւոր է, որ դա չի առաջադրվել որպես նախապայման, հանդիպումները շարունակվում են, բայց նաեւ արտգործանխարարը եւ վարչապետ Փաշինյանը ամեն կերպ առաջ են մղում այդ հարցը, եւ այն իր  լուծումը ստանալու է»,- ասաց Մայիլյանը

Անդրադառնալով այսօր Արցախում ընթացող ՏԻՄ ընտրություններին՝ ԱՀ արտգործնախարարն ասաց, որ իր ցանկությունն է տեսնել հարմարավետ և մաքուր Ստեփանակերտ, որի համար էլ ինքը քվեարկել է: