Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող: 

Նշենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում դրանք:

Հիշեցնենք, որ Արցախի 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան, Արեգ Ավագյան եւ «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյան:

Դավիթ Սարգսյանը գործարար է, «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերության տնօրենը եւ Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը, Արմեն Հակոբյանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է, Գրիգորի Սահակյանը «Հայկազովի» նախկին հրամանատարն է, 27 տարվա դաշտային հրամանատար, Արեգ Ավագյանը «Արցախգազ» ՓԲԸ Գազատրանսպորտային համակարգի շահագործման ծառայության պետն է, Արայիկ Ավանեսյանը «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության համահիմնադիրներից է։