Ամերիկյան Microsoft կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթը արդարացի չի համարում Huawei-ի դեմ սահմանափակիչ միջոցները, որոնք ԱՄՆ իշխանությունները կիրառում են չինական ընկերության դեմ։ Այս մասին նա ասել է Bloomberg գործակալության հարցազրույցում։

Սմիթը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա օգնականներն այդպես էլ ինչպես հարկն է չեն բացատրել, թե ինչու են Huawei-ը սպառնալիք համարում երկրի անվտանգության համար եւ նրա դեմ կիրառում են տարբեր սահմանափակումներ։ Microsoft-ի նախագահի կարծիքով՝ Վաշինգտոնը չպետք է խանգարի, որպեսզի Huawei-ը ձեռք բերի ամերիկյան ընկերության արտադրանքը, այդ թվում ծրագրային ապահովում։

Նման միջոցները, ինչպես ասել է Սմիթը, պետք է ընդունել «փաստերի, տրամաբանական եզրահանգումների եւ օրենքների հիման վրա»։ Նրա խոսքով՝ Microsoft-ը դիմել է ամերիկյան կարգավորող մարմիններին՝ Huawei-ի առիթով պարզաբանումներ ստանալու համար։ Ինչպես նշել է Սմիթը, հաճախ պատասխանը եղել է հետեւյալը. «Եթե դուք իմանայիք, ինչ գիտենք մենք, դուք մեզ հետ կհամաձայնեիք»։ Խոսելով Microsoft-ի դիրքորոշման մասին՝ նա ընդգծել է. «Հիանալի է, ասեք մեզ այն, ինչ գիտեք, որպեսզի կարողանանք ինքնուրույն որոշել»։

«Տեխնոլոգիական ընկերությանը հայտարարել, որ կարող է վաճառել իր արտադրանքը, բայց օպերացիոն համակարգերը կամ չիպերը չգնելը նույն բանն է, ինչ հյուրանոցային ընկերությունների տերերին ասես, որ կարող են բացել դռները, բայց համարներում մահճակալներ չդնես կամ ռեստորանում սնունդ չվաճառես,- կարծում է Սմիթը: - Ամեն դեպքում, դուք այդ ընկերության գոյատեւման սպառնալիք եք ստեղծում»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 
Թրամփը մայիսի 15-ին հրաման էր ստորագրել, որով արտակարգ դրություն էր մտցվում ԱՄՆ տեղեկատվական-հաղորդակցային ենթակառուցվածքները արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար: Արդյունքում մայիսի 17-ին ԱՄՆ առեւտրի նախարարությունը Huawei-ին սեւ ցուցակ էր ներառել ազգային անվտանգությանը սպառնալիքի պատճառով:
Անցյալ տարվա օգոստոսին Թրամփը հրաման էր ստորագրել, որով ամերիկյան գերատեսչություններին արգելվում էր օգտագործել Huawei-ի եւ չինական ZTE ընկերության արտադրած սարքավորումները: Huawei-ի ղեկավարությունն այս որոշումն անվանել էր ԱՄՆ ոտնձգություն Չինաստանի ձեռնարկությունների օրինական իրավունքների դեմ՝ հավելելով, որ Վաշինգտոնը դրանով ինքն իրեն դատապարտել է 5G ցանցի ծավալումից հետ մնալուն: