Մոտ 930 հազար բնակարան ժամանակավորապես հոսանքազրկվել է «Ֆաքսայ» հզոր թայֆունի պատճառով, որն անցած գիշեր հարվածել է Տոկիոյին, տեղեկացրել է TEPCO էներգետիկ ընկերությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Տուժել է առնվազն 20 մարդ Տոկիոյի հարեւան Թիբա նահանգում, որտեղ ուժեղ անձրեւները նաեւ սողանք են առաջացրել։ Ճապոնիայի մայրաքաղաքում երկուշաբթի չեղարկվել են դասերը դպրոցներում, թեեւ քամին արդեն հանդարտվել է եւ վերականգնվում է տրանսպորտի աշխատանքը։

Լուսաբացին այս տարի արդեն 15-րդ թայֆունը շարժվում էր ժամում 25 կիլոմետր արագությամբ Նարիտա քաղաքի շրջանում, որտեղ գտնվում է Տոկիոյի միջազգային օդանավակայանը։

Թայֆունի պատճառով, որը Տոկիոյին մոտեցել է Խաղաղ օվկիանոսի հարավից, չեղյալ են հայտարարվել մոտ հարյուր չվերթեր։

NHK հեռուստաալիքի տվյալներով՝ որոշ շրջաններում տներում քամին կոտրել է ապակիները, արմատահան են եղել ծառեր։