Ամուսինները բրիտանական Քինգսթոն ափոն Հալ քաղաքից (Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր կոմսություն) իրենց բակում հանելուկային էակ են գտել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն հղում կատարելով Hull Live-ին։

Վենդի Գրեյը եւ Էնդի Վեերը պատմել են, որ հինգշաբթի՝ սեպտեմբերի 5-ին իրենց տան հետեւի բակում «օձանման էակ են նկատել՝ ժանիքներով եւ կտուցով, որն ընկել է երկնքից»։ Նրանք այն դրել են բաժակի մեջ եւ փորձել ինտերնետում պարզել, թե ինչ կարող է դա լինել, բայց այդպես էլ չեն կարողացել պարզել։

Գրեյը նշել է, որ իրենց «հյուրը» այնպիսի տեսք ուներ, ասես կեսը կերել էին, իսկ հետո նա ընկել էր երկնքից։  Կինը խոստովանել է, որ «գտածոյի» տեսքից չի կարողացել քնել։

Լրագրողները ենթադրել են, որ Վենդին եւ Էնդին հայտնաբերել են շերամաթրթուր կամ իլիկաթիթեռի թրթուր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիտնականները Կանադայում հայտնաբերել են եւս մեկ տարօրինակ ծովային էակի մնացորդներ, որը նման էր Լավքրաֆթի պատմվածքների «Կտուլհուին»։ Այն ապրում էր ծովի հատակին եւ սնվում մանր անողնաշարներով՝ ավազը ցրելով փոցխ-շոշափուկների եւ որսիչ ցանցերի միջոցով։