Ճապոնիան կիրակի լույս երկուշաբթի պատուհասած հզոր «Ֆակսայ» թայֆունը վնասել է երկրում ամենախոշոր արեւային էլեկտրակայանը Թիբա նահանգում, որը գտնվում է ջրամբարի վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NHK-ին։

Ուժեղ քամին տեղաշարժել եւ տեղահան է արել մի քանի հարյուր վահանակներ, ինչի հետեւանքով դրանց մի մասը այրվել է։ Կրակը մարվել է մի քանի ժամում։ Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 50 արեւային տարր։

Տարերքի պատճառով զոհվել է մեկ մարդ, եւս 37 հոգի տուժել է։ Ավիաընկերությունները չեղարկել են 163 ներքին չվերթ, գերազանցապես Տոկիոյի Նարիտա եւ Հանեդա օդանավակայաններից։ Հիմնական վնասը արեւադարձային փոթորկից գրանցվել է Թիբայում, որտեղ մեկ օր առանց լույսի է մնացել մոտ 600 հազար տուն։ Որոշ շրջաններում էլեկտրականության մատակարարումը մինչեւ այժմ չի վերականգնվել։

«Ֆակսայը» այս տարի 15-րդ թայֆունն է Խաղաղ օվկիանոսում։ Այժմ արեւադարձային փոթորիկը թուլացել է եւ հեռացել Ճապոնիայի տարածքից։ Այն շարունակում է երթը Խաղաղ օվկիանոսում հյուսիսճապոնական Հոկայդո կղզու մոտ։