Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զաքարիա Քալաշովը, որ քրեական շրջանակներում հայտնի է «Շաքրո Մոլոդոյ» մականունով, անհաջողություն է կրել՝ փորձելով «օրենքով գողերին» տրամադրել Ադրբեջանի գլխավոր հեղինակություն Նոդար Սալիֆովի (Գուլի) դեմ, հայտնում է «Փրայմ Կրայմը»:

Քալաշովը փորձել է Սալիֆովի վրա ճնշում գործադրելու պատրվակ օգտագործել օգոստոսի 26-ին Թուրքիայում տեղի ունեցած միջադեպը: Այդ ժամանակ 35-ամյա ի բնե «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեին (Կվեժովիչ) Սալիֆովի հետ հանդիպման ժամանակ ծեծել էր Ադրբեջանի գլխավոր հեղինակության մերձավոր անձ Աման Ջումագելդիեւը (Վայրի Արման):

Ջումագելդիեւի կարծիքով՝ Չիխլաձեն Սալիֆովի առաջ իրեն չափից ավելի հանդուգն էր պահել: Դրանից կարճ ժամանակ անց մոսկվացի «օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլին (Քութայիսկի) հայտարարել էր, որ Չիխլաձեի ծեծը թույլ տված Սալիֆովը «օրենքով գող» չէ եւ պետք է իր տիտղոսից զրկվի: Կոգուաշվիլիին աջակցել էր նաեւ Զաքարիա Քալաշովը՝ նշելով, որ Թուրքիայում տեղի ունեցածը իր համար ապտակ է:

Սակայն «օրենքով գողերին» Սալիֆովի դեմ տրամադրելու Քալաշովի փորձը հակառակ արդյունք էր ունեցել: Գողական աշխարհում վերջինի հեղինակությունը հարցականի տակ է, եւ այսօր Սալիֆովն անչափ մոտ է Մերաբ Ջանգվելաձեի (Սուխումսկի) ազդեցիկ գողական կլանի հետ միությանը: Նրանց դաշինքը փաստացի կնշանակի «օրենքով գողերի» աշխարհի միավորում եւ Քալաշովի լիակատար պարտություն:

Ջանգվելաձեն, միաժամանակ, Քալաշովի հետ հեռախոսազրույցում արդեն հայտարարել է, որ Սալիֆովին իր եղբայրն է համարում, իսկ Քալաշովի խաղերն իրեն զզվեցրել են: Ջանգվելաձեն նաեւ նշել է, որ «[Քալաշովի] 90-ականների հնարքները, երբ նա մեկին թունավորում էր մյուսի դեմ, մեկին մի բան ասելով, իսկ մյուսներին՝ այլ բան, բարոյապես հնացել են»: