«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ՀՀ-ում նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախադրյալներ չի տեսնում: Այս մասին նա հայտնեց այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության նախագահ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ եթե ֆորսմաժորներ չլինեն, հաջորդ տարի կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե հատուկ ծառայություններն ազդեցություն ունեն խորհրդարանի վրա եւ կարող են հասնել նրան, որ ԱԺ մեծամասնությունը պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Թունյանը պատասխանեց․«Այդ հարցը պետք է Ժիրայր Սեֆիլյանին տալ, որովհետեւ ես տեղյակ չեմ՝ նա ինչ նկատի ունի։ Իհարկե, համաձայն չեմ»։

Հարցին,թե նման հայտարարություններից հետո ինչպես է գնահատում «Սասնա ծռերի» եւ վարչապետի հանդիպումը, Թունյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ հանդիպան նախաձեռնությունը եղել է « Սասնա ծռեր»-ինը. «Վարչապետն էլ հանդիպել է։ Ամեն դեպքում ՀՀ գործող քաղաքական ուժ է, որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում»։