Այս պահին որոշումն այնպիսին է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները չպետք է խոչընդոտվեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Եթե պետք է հանքը փակվեր, դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր: Վարչապետն ասաց, որ իրավական հիմքեր չկան: Եթե առաջիկա մեկ տարում նման իրավական հիմքեր ի հայտ գան, կարող է հանքը փակվել, բայց եթե առանց այդ հիմքի թողնում եք, որ ընկերության աշխատանքը կազմաքանդվի, դա անընդունելի է, որով Հայաստանը կհամարվի կասկածելի ու անվստահելի գործընկեր»,-հայտարարեց Թունյանը:

Նա հուսյ հայտնեց, որ դեպի հանք տանող ճանապարհները բացելու համար ոստիկանության միջամտության կարիքը չի լինի. «Որովհետեւ մեր հասարակությունը կարող այդ հարցում գիտակցված որոշում կայացնել»:

«Հիմա ռիսկը այդ ընկերության վրա է, ինքը այդ մեկ տարում շինարարական ծախսերը կատարելու է, հետո պարզվի, որ խախտումներ կան, այդ ռիսկն իր վրա է, ոչ ոք չի փոխհատուցելու այն»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ «Էլարդը» նշել էր, որ կա լրացուցիչ ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց, որ «Էլարդը» ներկայացնում է գիտական եզրակացություն, իսկ որոշումը պետք է կայացնի ՀՀ կառավարությունը:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ բնապահպանության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնելու, արդյոք սա նշանակում է, որ «Էլարդի» փորձաքննությանը մենք չենք վստահում, Թունյանը պատասխանեց. «Էլարդի» եզրակացությունը տվել է լրացուցիչ գործիքներ, որպեսզի կառավարությունը դրանց վրա ուշադրություն դարձնի: Բացի դրանից, այս մեկ տարվա ընթացքում բնապահպանական տեսչությունը տեղում դաշտային ստուգումներ էլ է իրականացնելու: Եթե որեւէ անթույլատրելի բան կլինի, ես համոզված եմ, որ կառավարությունը չի գնա ՀՀ բնությունը վտանգելու ճանապարհով:

Նոր ՇՄԱԳ անցկացնելու համար պետք է գործող ՇՄԱԳ-ը չեղյալ հայտարարվի, իսկ դրա համար հիմքեր չկան: Եթե դու քո օրենքներին, միջազգային պայմանագրերին հակասող որեւէ քայլ ես անում, դա կարող է անշրջելի հետեւանքներ ունենալ բոլոր առումներով, ընդհուպ մինչեւ դեֆոլտ: Եթե մենք առանց իրավական հիմքի նման որոշում ենք կայացնում, դա կարող է Հայաստանն ուղղակի տանել դեֆոլտի:

Արբիտրաժը այդ հնարավոր ռիսկերից մեկն է: Այնտեղ կա արտաքին պարտքի հետ կապված ռիսկ, կա ներդրողների մոտ վստահության ռիսկ: Եթե այդ ամենը գումարում ենք իրար, պարզվում է, որ մենք որպես երկիր շատ դժվար է լինելու այդ ամենին դիմակայելը: Մարդիկ հիմա ասում են՝ ցույց տվեք ՀՀ օրենսդրության այն կետը, որը մենք խախտել ենք»: