ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար սպասելի է եղել, որ Արման Բաբաջանյանի կողմից կլինի որոշակի գործունեության փոփոխություն՝ կապված նրա վերջին շրջանի տարբերվող գործունեության հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով փաստին, որ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին:

«Պարոն Բաբաջանյանը հայտարարել է, որ կորոշի՝ մանդատը վայր է դնում, թե ոչ: Քանի դեռ դա չկա, ես հավելյալ մեկնաբանություն չեմ կարող տալ: Ի պատասախան մենք հաջողություն ենք մաղթել պարոն Բաբաջանյանին եւ նշել ենք, որ ակնկալում ենք, որ մանդատը կվերադարձվի:

Ցանկացած ուժ, որ խորհրդարանական կառավարմամբ երկրներում ընտրություններին մասնակցում է, ձայներ է հավաքում իր ծրագրի, իր գաղափարների, քարոզարշավի արդյունքում: Մեր ծրագիրը իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ, երբ մեկ մանդատը պակասում է, դա մեր ծրագրի գեներացված մադնատն է»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նկատեց, որ Բաբաջանյանն առաջինը չէ, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ դուրս են եկել խմբակցությունից: Նա չբացառեց, որ երբ սկսեն Կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը քննարկել, հանդես կգան  առաջարկներով, որ եթե մարդիկ գալիս են կուսակցության խողովակով, եւ եթե լինեն անհամաձայնությունների, այդ քաղաքական խողովակը չվնասվի, այսինքն մանդատները չնվազեն:

«Սպասելի է եղել, որ պետք է լինի որոշակի գործունեության փոփոխություն՝ նրա վերջին շրջանի տարբերվող գործունեության հետ կապված: Այսինքն` ակնկալել ենք, եւ նա իր հայտարարությամբ հանդես է եկել: Մենք նստաշրջան ենք սկսում, եւ ճիշտ կլինի, որ խմբակցությունը ցանկացած հարցում լինի միասնական:  Սա քաղաքական խնդիր է, որեւէ կերպ թույլ չեմ տա, որ տեղափոխեն անձնական դաշտ»,-ասաց Մարուքյանը: Նա ընդգծեց, որ ԼՀԿ-ից արտահոսքի պրոցես չկա:

Մարուքյանը նկատեց, որ նորմալ է, որ խմբակցություններում կա բազմակարծություն, սակայն  շեշտեց՝ եթե ընդունվում է որոշում, բոլորը դա պետք է կատարեն:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ  ցանկանում է լքել խմբակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում դեռ չի կայացրել: