Կանխատեսելի զարգացումներ են, մեր տպավորությամբ այդպիսի պրոցես պետք է լիներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով Ամուլսարի հարցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի ուղիղ եթերին:

«Մի բանում սխալվեցի, ինձ թվում էր, որ նոր ՇՄԱԳ է լինելու, բայց հետո մասնագետների լսեցի, եւ հասկացա, որ նոր ՇՄԱԳ-ի համար հին ՇՄԱԳ-ը պետք է անվավեր ճանաչվի: Եթե հին ՇՄԱԳ-ն անվավեր ճանաչվի, «Լիդիանը» կմտնի վարչական դատարան եւ կարող է ամիսներով այդ գործը քննվել եւ նոր ՇՄԱԳ չկարողանանք նշանակել»,-ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ ջերմուկցիներին ուղղված կոչին՝ բացել հանք տանող ճանապարհները, Մարուքյանն ասաց. «Պետք է հորդորը հիմնավորված լինի փաստարկներով, ինչը եղել է խոստում: Ես չգիտեմ՝ «լայվում» փաստարկներ ներկայացվել են, թե ոչ»: