Մեր առաջարկած օրինագծով նախատեսվում է ոռոգման ջրի ամսական օգտագործման վճարումը կատարել վճարը համապատասխան մատակարարող ընկերության հաշվին մինչեւ հաջորդ ամսվա 15-ը փոխանցելու միջոցով բանկերով կամ բանկոմատով, փոստով կամ այլ փոխանցմամբ: Այս մասին սեպտեմբերի 9-ին ԱԺ նիստում ««Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների ասոցիացիաների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց, որ այս օրինագիծը, խորհրդարանի կողմից ընդունվելու դեպքում, պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականի հունվարի 1-ից: Բագրատյանը հայտարարեց, որ սա թույլ կտա հետեւում թողնել նախկին որոշակի կոռուպցիոն սխեմաները եւ քաղաքացիների միջոցների ապօրինի յուրացում թույլ չի տա, ինչպես տեղի է ունենում մինչեւ հիմա: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի օրենսդրությունում շատ օրենքներ կան, սակայն դրանք չեն գործում: «Կարելի է անցկացնել գույքագրում, ես կդիմեմ ԱԺ ղեկավարությանը, եւ մենք գույքագրում կանցկացնենք, որ ստուգենք, թե մենք որքան օրենք ունենք, եւ դրանց որ մասը չի գործում»,- պարզաբանեց Մելքումյանը:

Այս հայտարարությունը հարուցեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանի դժգոհությունը եւ վրդովմունքը: «Նախ ես գոհ չէի նրա խոսելու ձեւից»,- դժգոհեց Աղազարյանը՝ խորհրդարանի ամբիոնից Հայաստանի իրավապահ մարմիններին դիմելով խնդրանքով, որ ստուգեն եւ վերլուծեն Միքայել Մելքումյանի հայտարարությունները, քանի որ ինքը դրանց մեջ «հանցավոր բաղադրիչ» է գտել: Իշխող դաշինքի պատգամավորն ընդգծեց, որ «չի ցանկանում դառնալ այդ հանցագործության մասնակից՝ տեղեկություններ թաքցնելու տեսանկյունից»:

Նման հայտարարությունը հունից հանեց Սերգեյ Բագրատյանին, որն օգտվելով ելույթի իր իրավունքից՝ ամբիոնից հայտարարեց, որ իրենց հետ չի կարելի խոսել «սպառնալիքների լեզվով»: «Մեզ հետ նման լեզվով՝ շանտաժի լեզվով, անգամ հանրապետականները չեն խոսել, էլ չասեմ ձեր մասին: Ինչպե՞ս եք ձեզ դա պատկերացնում: Մեզ հետ խոսեք պատշաճ հարգանքով, քանի որ մենք ձեզ հարգում ենք»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իր հեղինակությունը մաքուր է, եւ ինքը թույլ չի տա այն սեւացնել: