Այս տարվա հունվարից Կադաստրի համակարգի ծառայողական ավտոմեքենաներն անցել են բենզինի խնայողության ռեժիմի։ Մինչեւ 2019 թվականի օգոսոտոսը (ներառյալ) համակարգում խնայվել է ավելի քան 40 հազար լիտր բենզին։ Քանի որ սեպտեմբեր ամսից Կադաստրի ծառայողական մեքենաները ստանում են բենզինի ամսական միջինացված չափաքանակ, այդ հաշվարկով, մինչեւ այս տարվա ավարտը Կոմիտեն տարեկան կտրվածքով մոտ 70 հազար լիտր բենզին կխնայի։

Կադաստրի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ բենզինի խնայողության ռեժիմը չի վերաբերում միայն Կադաստրի երկու Renault Dokker մեքենաներին (կից լուսանկարում), որոնք ձեռք են բերվել 2019 թվականի մարտ ամսվա վերջին եւ երթեւեկում են առաքման ռեժիմով՝ Հանրապետության բոլոր, այդ թվում, ամենահեռավոր մարզերի գրասենյակներ ու ստորաբաժանումներ հասցնելով գրենական պիտույքներ եւ անհրաժեշտ այլ ապրանքներ։

Այլ որեւէ բացառություն չկա, բենզինի խնայողության այս ռեժիմով են երթեւեկում Կոմիտեի ծառայողական բոլոր ավտոմեքենաները, այդ թվում՝ ղեկավարինը։ Կարեւոր լրացուցիչ անակնկալ ծախսերը կարվեն խնայված բենզինի պահուստից. օգոստոսի սկզբից ի վեր նման լրացուցիչ ծախսի առիթ չի եղել։

Ղեկավար Սարհատ Պետրոսյանն օգոստոսի 5-ի աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին ասել է, որ այդուհետ բենզինը Կադաստրի վարորդներին կբաշխվի ըստ վարած կմ-երի, քանի որ նախորդ մի քանի ամիսներին մշտադիտարկվել են չափաքանակները.

«Որեւէ մեկը բենզինով աշխատավարձի հավելավճար այլեւս չի' ստանալու»,- զգուշացրել է Պետրոսյանն՝ ավելացնելով, որ մյուս կողմից, որեւէ մեկը չ'պետք է աշխատանքային կարիքների համար իր հաշվին կամ իր անձնական մեքենայով ճամփորդի, - այդ նպատակով հատկացվող հերթապահ մեքենայի գրաֆիկը կկազմակերպի գլխավոր քարտուղարը։

Կադաստրի կոմիտեի տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանի փոխանցմամբ, սա շարունակական է լինելու.

«Խնայողությունը կպահպանվի մյուս տարի նույնպես, հանրությանը պարբերաբար կտեղեկացնենք նման միջոցառումների մասին»։