Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին լարվածության մեջ Իրանի միջուկային ծրագրի պատճառով եւ կոչ արել համաշխարհային տերություններին պահպանել 2015-ի միջուկային համաձայնագիրը, տեղեկացնում է AP-ը։

Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունինգը ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ոչ ճիշտ գործողություններից, ինչպիսին են միակողմանի պատժամիջոցները եւ Իրանի վրա առավելագույն ճնշումը։ Նրա խոսքով՝ համաձայնագրի կողմերը, այդ թվում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Եվրամիությունը, պետք է պահպանեն հավատարմությունը համաձայնագրին։

Նշենք, որ ԱՄՆ-ը միջուկային համաձայնագրից դուրս է եկել 2018-ի մայիսին եւ վերականգնել պատժամիջոցներն ընդդեմ Իրանի։ Մեկ տարի անց Թեհրանն սկսեց դադարեցնել իր պարտավորությունների կատարումը համաձայնագրի շրջանակում։ Անցած շաբաթվա վերջին Իրանը հայտարարեց, որ սկսում է պարտավորությունների կրճատման եւ առաջավոր ցենտրիֆուգների օգտագործման երրորդ փուլը։ Թեհրանը նշել է, որ կվերադառնա պարտավորությունների կատարմանը, եթե համաձայնագրի եվրոպական կողմերը կատարեն պարտավորությունների իրենց մասը։