ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այն, ինչ իրեն ներկայացրել են իրավապահ մարմինները, բայց Skype-կոնֆերանսի ժամանակ տեսանք, որ շատ հարցեր կան, որոնք բաց են թողնվել կամ անտեսվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ արձագանքելով վարչապետի հայտարարությանը, թե իրավական հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար։

«Ուստի պետք է տեսնել, թե հողի նշանակությունն ինչպես է փոխվել, ճանապարհի նշանակությունը ինչպես է փոխվել, 2016 թվականից խախտումների մասին էր խոսվում, այսինքն՝ հենքը պետք է վերցնել նաեւ հինը, որոնք գուցե չեն ուսումնասիրվել»,–նշեց նա։

Պատգամավորը պնդում է՝ հանքի շահագործման դեպքում լուրջ խնդիրներ կան, որոնք հաշվի չեն առնվում. «Պարոն Փաշինյանը առաջարկ էր արել թույլ տալ շահագործել, եթե որեւէ կետով օրենք է խախտվում, մենք ինքներս արգելենք։ Ես գրեթե համոզված եմ, որ «Լիդիան» ընկերությունը օրենքով սահմանված կարգով շինարարությունը կիրականացնի, սակայն շինարարական գործունեությունը դեռ չի նշանակում հանքի գործածման ամբողջական պահպանում, իսկ երբ հանքը գործարկվի, այնտեղ շատ լուրջ խնդիրներ կան՝ ինչ է լինելու ջրի հետ, շատ քիչ ուշադրություն է դարձվում այդ հանգամանքին, մինչդեռ ջուրը սողանքի միջոցով կարող է դուրս գալ եւ թափվել ինչ-որ գետ, վերածվի անձրեւի ու նորից իջնի, իսկ սա ուղղակի պետք է հաշվի առնվի։ Հանքի շահագործման դեպքում ջրի ու օդի աղտոտվածությանը ամբողջ օրը ամեն րոպե մեկը պետք է հետեւի, հասկանա՝ տվյալ պահին սեյմավտանգությունն ինչ մակարդակի է, ջուրը հոսեց թե չհոսեց եւ այլն»։

Պատգամավորը համոզված է՝ խնդիրները պետք է վերհանել այս պահին. «Այդպիսի խոսք կա՝ Զատիկից հետո կարմիր ձուն ում է պետք։ Մենք պետք է եղած խնդիրները այդ պահին վեր հանենք։ Ես հասկանում եմ, որ նախկինում ստորագրված փաստաթղթերով պետությունը ունի պարտավորություններ, որոնք ստանձնել է Նիկոլ Փաշինյանը, բայց խնդիրն նաեւ այն է, թե արդյոք որեւէ ներդրողը մեր երկրում ներդրում կանի, եթե օդն կամ բնությունն այսքան աղտոտված է։ Ներկայիս իշխանությունը, որը օրենքի պաշտպանն է եւ օրենքի ճանապարհով հարցերին լուծում տվող իշխանություն է, նախորդ ապօրինությունները բացահայտելու փոխարեն, ստեղծում է համապատասխան միջավայր։ Իհարկե Անգլիան կամ ԱՄՆ շահագրգռված կլինեն հանքի շահագործման հարցում, քանի որ ուրանը կամ ցիանիդը իրենց երկիրում չէ այդ ցիանիդը, եւ մեր երկիրը իրենց համար շատ մեծ արժեք չունի»։