Ամուլսարի հանք տանող ճանապարհները բացելու վարչապետի կոչը ջերմուկցիներին այսօր է արվել եւ չեմ կարծում, թե հնարավոր է այդպես արագ չափել, թե արդյոք նրանք դրան համաձայն են, թե ոչ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» հայտարարությանը, թե ինչ-ինչ ուժեր փորձում են օգտագործել Ամուլսարի հարցը, որպեսզի դավադրություն կազմակերպեն Նիկոլ Փաշինյանի դեմ, նրան տապալելու նպատակով, Ենգիբարյանն ասաց. «Դա իրենց կարծիքն ու մտահոգությունն է, ես հարգում եմ այդ կարծիքը, բայց չեմ կարող մեկնաբանել»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» մեկ այլ հայտարարությանը, թե եթե ֆորսմաժորներ չլինեն, մեկ տարի  անց կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «Ազգային ժողովն իրեն արդարացնում է, մեր աշխատանքները գնում են շատ սահուն, մենք ամենաարագ խորհրդարանն ենք: Եթե նայեք վերջին տարիներին, ընդունված օրենքներին, հրավիրված նիստերին, դա կտեսնեք: Դա էլի իրենց կարծիքն է, իրենք 2018-ի ընտրություններին չստացան բավարար քանակի ձայն, որ լինեն խորհրդարանական ուժ, հավանաբար, այդ պատճառով են նման հայտարարություն անում»:

Նա համաձայն չէ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիրքորոշմանը, թե Հայաստանում թե իշխանությունը, թե ընդդիմությունը չեն կարողացել ձեւավորել քաղաքական օրակարգ. «Եթե իշխանությունը չի ձեւավորում օրակարգ, ապա ով է ձեւավորում: ԱԺ-ում հարյուրավոր հարցեր են քննարկվում, դրանք օրակարգային խնդիրներ են: Այլ հարց, որ մեր հանրությունն ունի մեծ վստահություն թե կառավարության, թե ԱԺ-ի նկատմամբ եւ օրենքների մեծ մասը, որ այստեղ քննարկվում են, չեն դառնում բուռն քննարկման առարկա: Թերեւս բացառություն կարելի է համարել Հարկային օրենսգրքի քննարկումները»: