ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ավարտեցին իրենց բողոքի ակցիան Երեւանի  ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` խոստանալով վաղը նորից վերադառնալ:

«Քանի որ դատարանից մեզ տեղյակ պահեցին, որ տիկին Դանիբեկյանն այժմ նիստի է, ուզում ենք, որ նա լրատվամիջոցներից տեղեկանա մեր պահանջի մասին, վաղը ժամը 11:00-ին մենք կվերադառնանք էստեղ եւ մեր խնդրանքն ու պահանջը կուղղենք տիկին դատավորին»,-ասց ակցիայի մասնակիցներից Գագիկ Բաղդասարյանը:

Նշենք, որ ավելի վաղ Քոչարյանի աջակիցները բողոքին ակցիա են անցկացրել Երեւանի ընդհանուր դատարանի Կենտրոնի եւ Նորք Մարաշ նստավայրի մոտ` պահանջելով ազատ արձակել Քոչարյանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

Այսօր էլ ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել` արձագանքելով ՍԴ որոշմանը, նշելով, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:

 Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: