Ամերիկացի ներդրող Մարկ Մոբիուսը ոսկու վրա է խաղադրույք կատարում, քանի որ ամբողջ աշխարհի բանկերը իջեցնում են տոկոսադրույքները։

«Իմ կարծիքով, ոսկին հաջողության հասնելու ճանապարհն է՝ դրամական զանգվածի անհավանական մեծացման պատճառով»,- ասել է Mobius Capital Partners-ի համահիմնադիր Մոբիուսը։

Գլոբալ աճի դանդաղման սպասելիքների ֆոնին ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը նվազեցնում են տոկոսադրույքները՝ ձգտելով մեծացնել դրամական զանգվածը տնտեսությունում եւ խթանել պահանջարկն ու աճը։

Մոբիուսը խորհուրդ է տալիս ներդրողներին իրենց պորտֆելի 10 տոկոսը պահել ոսկու տեսքով, իսկ մնացածը ներդնել դիվիդենտներ բերող ակցիաների մեջ։ Մանավանդ, դոլարի թուլացման դեպքում։ Նրա կարծիքով, «ԱՄՆ կառավարությունը, Թրամփի Սպիտակ տունը չեն ուզում ուժեղ դոլար», որպեսզի մյուս արժույթները նույնպես թուլանան։

«Մարդիկ վերջապես կհասկանան, որ իրենք պետք է ոսկի ունենան, որովհետեւ բոլոր արժույթները պետք է արժեզրկվեն»,- ասել է նա։

Ոսկին իր արժեքը շատ ավելի լավ կպահպանի, քան արժույթների այլ տեսակները, եւ ավանդաբար հուսալի թաքստոց է շուկայի անկայունության պայմաններում։

Համաշխարհային ոսկու խորհորդի տվյալներն այս տարի վկայում են կենտրոնական բանկերում դեղին մետաղի պահանջարկի աճի մասին։

Այս տարվա առաջին կեսին կենտրոնական բանկերը գնել են 374 տոննա ոսկի, հայտնում է World Gold Council-ը։ «Հոգու խորքում կենտրոնական բանկերը հավատում են ոսկուն, սակայն չեն ուզում այդ մասին ասել, քանի որ չեն կարող նոր արժույթ ստեղծել»,- ասել է Մոբիուսը։