ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր` սեպտեմբերի 9-ին, Ստեփանակերոտւմ ամփոփիչ ասուլիսով ներկայացրել են ընտրատեղամասերում արձանագրված իրավիճակը, առկա թերություններն ու բացթողումները, ապա պատասխանել լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերին: Այս մասին փոխանցում է Արցախպրեսը:

Իր խոսքում՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ պատվիրակությունը Արցախի տարբեր շրջանների 37 ընտրական տեղամասերում հետևել է գործընթացին:

Վ. Վարդանյանի խոսքով՝ որոշ բացթողումներ փոխկապակցված են եղել օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետ: Մասնավորապես՝ արդյունավետ կլիներ, եթե համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների քվեատուփերը լինեին առանձին: Սա, ըստ Վ. Վարդանյանի, կթեթևացնի այն աշխատանքը, որը կատարվում է քվեարկությունների ամփոփման փուլում:

«Բացի դրանից,պետք է նախատեսել քվեարկության գաղտնիության ամենաբարձր երաշխավորման շեմ, և դրա լավագույն օրինակներից մեկը կարող է հանդիսանալ այն, որ քվեաթերթիկները համապատասխանաբար դրվեն դրանց համար նախատեսված ծրարներում: Սա կբացառի որևէ տեսակի ասեկոսեները առ այն, որ քվեարկության գործընթացի գաղտնիությունը չի ապահովվում: Եվս մեկ կարևոր խնդիր է այն, որ շատ դեպքերում չհրկիզվող պահարանները չէին գտնվում համապատասխան դահլիճներում, որտեղ ընտրությունը կազմակերպվում էր: Համոզված եմ, որ գալիք ընտրություններին նման իրավիճակ չի կրկնվի»,- մասնավորապես ասել է Վ. Վարդանյանը:

Դիտորդական առաքելություն իրականացրած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը շնորհավորել է արցախցիներին՝ ազատ և ժողովրդավար ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու համար:

Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում, և մարդիկ գալիս էին ընտրատեղամասեր՝ կատարելու և իրացնելու իրենց ընտրական իրավունքը, ինչը միանշանակ ողջունելի է:

«Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն, և ակնհայտ էր, որ արցախցիների համար նույնիսկ ՏԻՄ ընտրությունները նշանակալի իրադարձություն են: Ընտրությունների մասնակցության ակտիվությունը ապահովելու համար փոքր-ինչ անբարենպաստ էր եղանակը:  Այս մտահոգությունը հայտնում էին նաև ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամները: Տեխնիկական թերությունները հիմնականում կապված էին ընտրական տեղամասերը ճիշտ կահավորելու հետ: Մի շարք հարցեր էլ կապված էին ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների կարողությունների զարգացման հետ: Այդ առումով, կարծում եմ, վերապատրաստումների անհրաժեշտություն կա, և այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն»,- ավելացրել է Անի Սամսոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ ՏԻՄ ընտրությունները որակել է բացառիկ խաղաղ և ժողովրդավար: Նրա խոսքով՝  շատ կարևոր է քաղաքացիների չափազանց մեծ պատասխանատվությունը սեփական իշխանության նկատմամբ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ընտրությունները համարել է լեգիտիմ, և նշել, որ սա մի փաստ է, որն ընդունելի է աշխարհի դե ֆակտո բոլոր երկրներում:

Սիսակ Գաբրիելյանը վստահ է՝ կարճ ժամանակահատվածում ժողովրդավար Արցախը միջազգային  երկրների համար դառնալու է դե յուրե երկիր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ նշել է, որ բավականին տպավորված է Արցախում և, մանավանդ, հեռավոր գյուղերում նման բարձր մակարդակով կազմակերպված ընտրություններից:

Սիսակ Գաբրիելյանը վստահ է՝ կարճ ժամանակահատվածում ժողովրդավար Արցախը միջազգային  երկրների համար դառնալու է դե յուրե երկիր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ նշել է, որ բավականին տպավորված է Արցախում և, մանավանդ, հեռավոր գյուղերում նման բարձր մակարդակով կազմակերպված ընտրություններից: