Ռուսական ԶԼՄ-ները լայնորեն մեկնաբանել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների բողոքի ակցիան։

Այսպես, ՏԱՍՍ-ը նշում է, որ մասնակիցներն իրենց հետ բերել են նախկին առաջնորդի լուսանկարները, նրանք վանկարկել են նրա ազատ արձակումը պահանջող կարգախոսներ։ «Սահմանադրական դատարանը, ըստ էության, վճռել է, որ ձերբակալության ժամանակ խախտվել են անձնական ազատության Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։ Դա նշանակում է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Մենք պահանջում ենք, որ այդ իրավաբանական ֆարսը հենց այսօր վերջանա, իսկ նախագահ Քոչարյանը ազատ արձակվի»,- հայտարարել է ցույցի նախաձեռնողներից ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը։

«Մենք դիմում ենք դատավոր Աննա Դանիբեկյանին (Քոչարյանի գործով դատավոր)։ Դուք պարտավոր եք անհապաղ հրավիրել նիստ եւ ազատ արձակել նախագահ Քոչարյանին։ Մենք վստահ ենք, որ դուք կընդունեք այդպիսի որոշում, այլապես անազատության մեջ Քոչարյանի յուրաքանչյուր րոպեն կհակասի Հայաստանի օրենքներին եւ ՍԴ-ի որոշմանը»,- Գագիկ Բաղդասարյանին է մեջբերում ՌԻԱ Նովոստի-ն։ Նա նշել է, որ ցույցի մասնակիցները դատավորից պահանջում են երկրի նախկին ղեկավարին ազատել երկուշաբթի օրը՝ չսպասելով  սեպտեմբերի 12-ին կայանալիք դատական նիստին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ ՍԴ-ն Քոչարյանի գործով մեղադրանքների կետերը համարել էր Սահմանադրությանն անահամապատասխան։ Դատարանը 35-րդ հոդվածով քրեական գործի հարուցումը եւ քրեական հետապնդումը պաշտոնատար անձանց հանդեպ, որոնք ունեն անձեռնմխելիության իրավունք, համարել էր Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61 հոդվածի 1-ին մասին, 63 հոդվածի 1-ին մասին եւ 78 հոդվածին հակասող, ինչի հետ կապված՝ նախկին նախագահի փաստաբանները համարում են, որ նա պետք է ազատ արձակվի։

Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է «սահմանադրական կարգը խախտելու» եւ հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։