Ամուլսարի թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է փակել հօգուտ «Լիդիանի»։ Ջերմուկցների եւ բնապահպանների դիմադրությունից հետո նա քննարկումների նոր էր փուլ սկսել, «Էլարդի» փորձագետները թերություններ էին մատնանշել եւ կարծես նոր Շմագի անհրաժեշտություն էր ծագել։ Բայց այսօր Փշաինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ խոստացված ՇՄԱԳ-ը հնարավոր չէ իրականացնել՝ օրենքը թույլ չի տալիս, եւ այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում։

Փաշինյանի խնդրանք-կոչը դեռեւս միայն հակառակ ազդեցությունն է ունենում։ Վարչապետի «լայվից» հետո բնապահպան Շիրակ Բունիաթյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե փորձ արվի ոստիկանական ուժերով բացել ճանապարհը դեպի Ամուլսար, իրենք պատրաստ են երեխաներով, կանանցով, ծնողներով կանգնել նրանց առաջ։ Բնապահպան Հայկ Բարսեղյանն էլ ոստիկաններին կոչ արեց պատրաստվել ճակատամարտի։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության մեջ քիչ չեն նախկին բնապահպանները, եւ այս կանաչ թեւը գոնե առերես իներտ չի արձագանքում Ամուլսարի հնարավոր կորուստին։ Նրանցից Սոֆյա Հովսեփյանը NEWS.am-ին ասաց, որ վարչապետը հայտարարել է այն, ինչ նրան ներկայացրել են իրավապահ մարմինները, բայց շատ հարցեր կան, որոնք բաց են թողնվել կամ անտեսվել։

Այս այլ կարծիքները արդյոք պառակտման նշաններ են՝ խմբակցության ղեկավարը լավատես է՝ «Իմ քայլում», ըստ նրա, բազմակարծություն կա, բայց՝ ոչ պառակտում։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ խորհրուրդ է տալիս կողմնորոշվել ժողովրդի կարծիքով, ըստ նրա՝ իշխանությունը լուրջ փաստի առաջ է կանգնած եւ պետք է հաշվի առնի Ամուլսարի հարեւանության ապրողների կարծիքը։

ՍԴ որոշման ամբողջական տեքստի հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարան են ներկայացրել նրա խափանման միջոցը վերացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ։ Նրանք նաեւ ասուլիս հրավիրեցին եւ հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանը անհապաղ պետք է լինի ազատության մեջ։

Այսօր Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին անում դատարանի շենքի առաջ՝ պահանջելով անհապաղ նիստ անել եւ կատարել ՍԴ որոշման պահանջները։

ՍԴ որոշման բոլորովին այլ մեկնաբանությամբ հանդես եկավ գլխավոր դատախազությունը՝ հայտարարելով, որ այդ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

ՍԴ-ում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ դատախազությունը միակողմանի է գնահատել բարձր դատարանի որոշումը՝ 23 էջանոց փաստաղթղից մեջբերում անելով ընդամենը մեկ պարբերություն։ «Միգուցե այլ որոշում են ուսումնասիրել դատախազությունում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։

Խորհրդարանն ասօր սկսել է աշնանային նստաշրջանը եւ ոչ առանց վեճերի։ ԲՀԿ-ն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական կողմնորոշում քարոզելու համար: Այս առաջարկը խորհրդարան է եկել կառավարության բացասական եզրակացությամբ, այնտեղ հստակ չէին համարել «ոչ ավանդական» ձեւակերպումը։ «Իմ քայլը» պաշտպանեց այս տեսակետը։

Այս թեժ քննարկմանը Ծառուկյանն էլ մասնակցեց, բայց դահլիճից դուրս։ Մենք ասաց, ադաթով, ընտանիքով, եկեղեցով մարդիկ ենք եւ չենք կարող այդ ամենը պղծել։ Հարցը դրվեց քվեարկության, ԲՀԿ նախաձեռնած օրինագիծը չմտավ ԱԺ օրակարգ։

Արցախում երեկ ՏԻՄ ընտրություններ էին, 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրվել էին 415 թեկնածուներ։ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող: Այսօր արդեն հրապարակվեցին նախնական արդյունքերը, ըստ որոնց՝ Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը, 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 հազար ընտրող, Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայն։ Հիշեցնենք, որ մայրաքաղաքում մրցում էին 5 թեկնածուներ, հաղթած թեկնածուն գործարար է եւ սպորտսմեն, նա ղեկավարում է «Քոնսալթ ֆինանս գրուպը», նաեւ Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիա։

Ընտրություններիի ընթացքին հետեւել են Արցախի ՄԻՊ-ը եւ Երեւանից գործուղված դիտորդներ, էական խնդիրներ չեն արձանագրվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու առիթով։

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց Բոսնիայի և Հերցեգովինայի թիմին և տպավորիչ հաղթանակ տարավ 4:2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ հավաքականի ավագը` Հենրիխ Մխիթարյանը: Երրորդ գոլի դրվագում օրերս իտալական «Ռոմայի» կազմը համալրած 30-ամյա կիսապաշտպանի փոխանցումից աչքի ընկավ գրոհին միացած պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, իսկ ավելացված ժամանակում Մխիթարյանի անցումից հետո գրանցվեց ինքնագոլ: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական` շարունակելով պայքարը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 526 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 588, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 26 դրամ։

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +20+22: