«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ետ կանգնել Ամուլսարը շահագործելու որոշումից, որը, ըստ նրա, չի ներվելու ՀՀ քաղաքացիների կողմից։

Բաց նամակի տեքստը՝ ստորեւ․

«Հարգելի պարոն Փաշինյան, նոր ՇՄԱԳ փորձաքննական եզրակացություն չտալով Լիդիանին, քանի որ հինն ուժը կորցրած է ըստ օրենքի՝ ամեն ինչ կլինի օրենքով ու ոչ մի արբիտրաժ, ոչ մի վարկանիշի խնդիր չի առաջանա, իսկ դա հիմնավոր է, քանզի իրական, իսկական ՇՄԱԳ, առանց կոռուպցիայի ու կաշառքի չի կարող անցնել Լիդիանը։ Բացառված է, որ որևէ կերպ Ամուլսարը բացվի ու շահագործվի՝ ապահոված լինելով անվտանգությունը թե՛ շրջակա միջավայրի, թե՛ բնակչության, թե՛ տնտեսության համար։

Տնտեսության առումով մենք պետք է ոչ թե հանքահումքային երկիր մնանք, այլ զարգանանք ու դառնանք տեխնոլոգիական երկիր, ինչի մասին տարուց ավել է կոկորդ եք պատռել և նաև կորցնելու ենք տուրիստական մի մեծ շրջան։ Դա Ձեր վարած քաղաքականությանն ու խոստումներին դեմ է։

Մարդկանց առումով՝ ոտնահարված է մարդկանց իրավունքները։ Ժամանակին նրանք հույս էլ չեն ունեցել, որ կարող են դեմն առնել, սակայն հենց անցած տարվա Ձեր կողմից գլխավորած իրադարձությունները թև ու թիկունք են տվել, որ հիմա կանգնած են իրենց սարի պաշտպանության համար։ Ինչպես նաև մարդիկ առողջական պրոբլեմների առաջ են հայտնվելու՝ ծնելիության անկում, քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ, որը տարածված է այն շրջաններում, որտեղ բացված են նմանատիպ հանքեր, միգուցե ավելի վատ պայմաններով։

Շրջակա միջավայրի առումով՝ սար ենք կորցնում՝ մի ամբողջ էկոհամակարգ։ Կորցնելու ենք Ջերմուկի ջրերը։ Սևանն ու կենդանական աշխարհն ենք վտանգելու։ Հիմա էլ չկան ոչ մի երաշխիքներ, որ կառավարելի են։

Թույլ մի տվեք. սխալ է լինելու։ ՀՀ օրենսդրության խախտում եք անելու և չի ներվելու ՀՀ քաղաքացիների կողմից։ Նույնիսկ, եթե Ձեր նշած ռիսկերը՝ տնտեսույթան առումով, վարկանիշային առումով իրականություն դառնա, ապա վստահեցնում եմ Ձեզ, որ անհամեմատելի են այն ռիսկերի հետ, որոնք կառաջանան շահագործման պարագայում։ Չի կարելի հանքահումքային ոլորտից բխող տնտեսական ռիսկը դնել նժարի վրա մարդկանց, բնության ու նորարարական տնտեսության հետ։

Ետ կանգնեք այդ ոչ սովորական որոշումից։ Թույլ մի տվեք, որ որևէ արտաքին ռիսկ Ձեզ ճնշի։ Դուք դեմ եք գնալու Ձեր իսկ առաջադրած նպատակներին, Ձեր կողմից տարածվող գաղափարներին ու քաղաքական ծրագրերին»։