Մեծ Բրիտանիայում նորաձեւ են դառնում չեռնոբիլյան ռադիոակտիվ անվտանգ «Ատոմիկ» փորձարարական օղու հիմքով կոկտեյլները, իսկ առեւտրի ցանցերը եւ փաբերը սպասում են բրիտանացի եւ ուկրաինացի գիտնականների նոր արտադրանքի զանգվածային արտադրության մեկնարկին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պորտսմուտի համալսարանի պրոֆեսոր Ջին Սմիթը, որն աշխատել է ոգելիցի ստեղծման վրա:

Գիտնականները օգոստոսին փորձարարական ալկոհոլ էին ներկայացրել, որը պատրաստված էր Չեռնոբիլի հորերից հանված ջրից, թորած ալկոհոլից եւ ցորենից՝ աճեցված օտարման գոտում:

Սմիթի խոսքով՝ ավանդական «homemade» մեթոդով պատրաստված եւ համային որակով ինքնաթոր օղուն նման ըմպելիքը հետաքրքրել է առեւտրի ցանցերին եւ փաբերին:

Լոնդոնի բարերից մեկի այցելուները, որտեղ մատուցում են չոռնոբիլյան օղու հիմքով կոկտեյլ նույնպես բարձր են գնահատել նոր ըմպելիքի համային որակները: «Մենք Լոնդոնի Սոհո շրջանում կոկտեյլի բարում խորհրդավոր ըմպելիքի թեստավորում ենք անցկացրել: Բարմենը, որը մեր ըմպելիքի հիմքով կոկտեյլ էր պատրաստում, դրանից անչափ գոհ է մնացել: Նա նաեւ ասել է, որ դա հիմա նորաձեւ է, եւ այցելուները նախընտրում են ոչ թե բարձր թորման հիմքով օղին, այլ ինքնաթոր օղու տեսակի արտադրանքի հիմքով: Դա ըմպելիքին լրացուցիչ համ է տալիս»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Պրոֆեսորը նշել է, որ նոր ըմպելիքի մասշտաբային արտադրության համար անհրաժեշտ է թույլտվություն եւ լիցենզիաներ ստանալ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բելառուսի իշխանություններից: Նախատեսվում է, որ արտադրությունը կկազմակերպվի  Ուկրաինայի պարտադիր արտաբնակեցման գոտում: «Մենք հույս ունենք այս տարի մի քանի հարյուր շիշ արտադրել»,- ասել է գիտնականը:

Սպասվում է, որ նոր արտադրանքի արտադրությամբ կզբաղվի հատուկ ստեղծված «Չեռնոբիլյան ալկոհոլային ընկերություն» ձեռնարկությունը, որը մտադիր է շահույթի 75 տոկոսը վերադարձնել վթարից տուժածներին:

Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարը տեղի էր ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին, երբ պայթել էր կայանի 4-րդ էներգաբլոկի միջուկային ռեակտորը: Բելառուսում ռադիացիոն աղտոտվածության ընդհանուր մակերեսը կազմում էր մոտ 46,5 հազար քառակուսի կիլոմետր (ընդհանուր մակերեսի 23 տոկոսը): Ուկրաինայում աղտոտվել էր 12 մարզերում 50 հազար քառակուսի կիլոմետր: Դրանից բացի, ռադիոակտիվ աղտոտման հետեւանքով տուժել էր ռուսական 19 շրջան՝ մոտ 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով եւ 2,6 մլն մարդ բնակչությամբ: