Մենք ցանկանում ենք փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ Կանոնադրությունում, որոնք ենթադրում են գործընկերոջ կարգավիճակի ստեղծում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին Երկրորդ արձանագրության վավերացման հարցի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 10-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Կանոնադրությունը ենթադրում է, որ երկրները կամ միջազգային կազմակերպությունները կարող են ստանալ դիտորդի կարգավիճակ, բայց գործընթացը մանրամասն նկարագրված չէ։ «Լրացումները պետք է պարզություն մտցնեն կարգավիճակի տրամադրման հարցում, ինչպես նաեւ որոշեն, թե որ դեպքերում այդ որոշումը կարող է վերանայվել»,- պարզաբանել է Քոչարյանը։ Նա ավելացրել է, որ լրացումներով մտցվում է ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ, եւ երկու կարգավիճակները կարող են ստացվել այս կամ այն երկրի կամ կազմակերպության կողմից միայն կոնսենսուսի՝ ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնության հիման վրա։ Այսպիսով, նրա խոսքով, չարժե անհանգստանալ, որ Ադրբեջանը կարող է ստանալ որեւէ կարգավիճակ առանց Երեւանի համաձայնության։ Ավելին, ինչպես նշեց փոխնախարարը, եթե որեւէ պետություն դառնա գործընկեր կամ դիտորդ եւ սկսի գործել իր պարտավորություններին հակառակ, ապա անհապաղ կզրկվի այդ կարգավիճակից։