«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է ՀԱՊԿ Կանոնադրության մեջ Կազմակերպության անդամ երկրների հակառակորդներին զենքի վաճառքի սահմանափակման մասին կետ մտցնել:

Կարելի է փորձել այդ ուղղությամբ գնալ, սակայն շատ լուրջ խոչընդոտներ կլինեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրության վավերացման հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով Կազմակերպության անդամ երկրների հակառակորդներին զենքի վաճառքի սահմանափակման մասին Միքայել Մելքումյանի հարցին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Ընդ որում, փոխնախարարը կրկին հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում կա կետ, որի համաձայն՝ Կազմակերպության մասնակիցները միեւնույն սպառազինությունը կարող են ձեռք բերել առավել հասանելի գներով:

Մելքումյանի նախաձեռնությանն աջակցեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը՝ նշելով ՀԱՊԿ շրջանակում այդ գաղափարն առաջ տանելու անհրաժեշտության մասին: