Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, առավել ծանրակշիռ ներկայություն ունի Կազմակերպությունում, քան Հայաստանը, որը ՀԱՊԿ անդամ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց արեւմտամետ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Այդ ներկայությունը, նրա խոսքով, Ադրբեջանի համար ապահովում են Կազմակերպության որոշ անդամներ: «Նկատի ունեմ Բելառուսին եւ Ղազախստանին: ՀԱՊԿ-ում մեր միակ դաշնակիցը մնում է Ռուսաստանը»,- հայտարարեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել Տաջիկստանին ու Ղրղզստանին Երեւանի դաշնակիցներ դարձնելու ուղղությամբ:

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, պատգամավորի խոսքով, Մոսկվան իրականացնում է Հայաստանի հետ իր դաշնակցային պարտավորությունները՝ ելնելով քաղաքական եւ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից, այն դեպքում, երբ հանուն Ռուսաստանի Հայաստանը պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ իր պետական շահերի հաշվին:   

«Մենք Ռուսաստանին տալիս են ամեն ինչ, իսկ փոխարենը ոչինչ չենք ստանում: Նման պայմաններում ՀԱՊԿ-ի հետ կապված որեւէ գործունեություն ընդամենը խորացնում է Հայաստանի արժանապատվության եւ ինքնիշխանության հաշվին Ռուսաստանի շահերը սպասարկողի մեր վիճակը: Մի քանի օր առաջ դեսպանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ղեկավարությունը խոսեց արտաքին քաղաքականության նոր ուղղությունների ու սկզբունքների, այդ թվում ինքնիշխանության մասին: Սակայն դրանք գեղեցիկ ելույթներ են, որոնք որեւէ աղերս չունեն մեր իրականության, իրական արտաքին քաղաքականության հետ: Մենք շարունակում ենք մնալ ՀԱՊԿ-ում եւ սպասարկել այդ կառույցի շահերը միայն նրա համար, որ Ռուսաստանը հանկարծ մեզ չպատժի»,- հայտարարեց Բաբաջանյանը: