Հեղափոխությունից հետո Ռուսաստանի էլիտայի համար դա այն չէր, որ պետք է ողջունեին, քանի որ կառուցվածքային որոշակի փոփոխություններ տեղի ունեցան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններին։

Հարցին՝ արդյոք կարելի է ասել, որ հայ–ռուսական հարաբերություններում նահանջ է նկատվում, Քոչարյանն ասաց. «Այնքան բազմաշերտ հարաբերություններ են, որ առանձին դրվագներում չի կարելի խոսել։ Իհարկե, հեղափոխությունից հետո Ռուսաստանի էլիտայի համար դա այն չէր, որ իրենք պիտի ողջունեին։ Քանի որ արդեն փոխվում է երկրի կառուցվածքը, իրենք պիտի հաշտվեն նրա հետ, որ Բարձրագույն խորհրդում վարչապետն է, իսկ մինչեւ այդ իրենց հոգեբանությունն ուրիշ էր, որ նախագահն էր։ Կան տարբերություններ, եւ դրա համար ժամանակ է պահանջվում»։

Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հայ–ռուսական հարաբերությունները փայլում են, Քոչարյանն ասաց, որ եթե խոսվում է ինտեգրալ, ապա այո, այդպես է.

«Կան առանձին դրվագներ, որոնք չեն կարող խորքային, բազմաոլորտ այդ ամենը չեն կարող շեղել։ Միշտ էլ առանձին խնդիրներ կան ցանկացած պետության հետ»։

Հարցին՝ հեղախոխությունն ինչպես է ազդել հարաբերությունների վրա, Քոչարյանն ասաց, որ դրա համար պահանջվում էր ադապտացիա։ Եվ դիտարմանը, գուցե անձի հետ է կապված հարաբերություններում առկա որոշակի խնդիրները, Քոչարյանը նկատեց. «Երբ մենք խոսում ենք փոփոխությունների մասին, մենք չենք խոսում անձի մասին, այնտեղ անձ գրված չէ, Հայաստան է գրված այնտեղ»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 1-ին Հայաստան գալ-չգալու վերաբերյալ Քոչարյանն ասաց, որ իրենք չեն հրավիրել նախագահին, կայանալու է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, որին ներկա են լինելու անդամ-պետությունների ղեկավարները. «Որոշումը, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ին լինելու է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, կայացել են բոլոր անդամ-պետությունների ղեկավարները, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի ղեկավարը։ Սա այն դեպքը չէ, որ իրեն հրավիրել ենք, ինքն էլ պիտի ասի՝ կգամ, թե չէ։ Գալ–չգալը արհեստական գրվում է, եւ անհասկանալի է, դա միայն վնաս է հասցնում։ Այդպիսի խնդիր չկա։ Պետությունները համատեղ որոշում են կայացրել ամենաբարձր մակարդակով, որ ամսի 1-ին պիտի լինի այստեղ։ Մենք հրավիրել ենք այն պետություններին, որոնք անդամ չեն։ Հրավիրել ենք Իրանի նախագահին, Սինգապուրի վարչապետին, Մոլդովայի նախագահին, այստեղ հարց է, որ հրավիրել ենք, պատասխան ստացե՞լ ենք, կարող եմ ասել՝ այո, հրավիրել ենք եւ պատասխան ստացել ենք, որ ներկա են լինելու»։

Այն լուրերին, որ կուլիսներում խոսակցություններ կան՝ նիստը տեղափոխելու մասին, քանի որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը պետք է կայանար կրկին Հայաստանում, սակայն Ղազախստանի նախագահը հրաժարվեց գալ եւ նիստը տեղափոխվեց, Քոչարյանն ասաց. «Պետք չէ դա կապել 1 պետության հետ։ Շատ կներեք, կուլիսներում ինչ–որ խոսվում է, ես չեմ մեկնաբանում»։