ԱՊՀ Վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհուրդը, որն ստեղծվել է գրեթե երեք տասնամյակ առաջ, գալիք տարի ղեկավարելու է Բելառուսը։ Իսկ համանախագահողներ կդառնան Ղրղզստանի եւ Ղազախստանի գործընկերները։ Այս մասին որոշումը հաստատվել է Բիշքեկում, Համագործակցության նշյալ ծառայությունների ղեկավարների խորհրդի 60-րդ նիստում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն՝ նշելով, որ միջոցառումներին մասնակցում է նաեւ Բելառուսի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի առաջին փոխնախագահ Իրինա Կանգրոն։

Բիշքեկում հանդիպման ժամանակ, նշում է գործակալությունը, ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն տեղեկացրել է 2020 թվականի մարդահամարի նախապատրաստման ընթացքի մասին։ Ընթացիկ տարում, ինչպես հայտնի է, մարդահամար կանցկացվի Ադրբեջանում եւ Բելառուսում, եկող տարի՝ Ղրղզստանում, Ղազախստանում, Ռուսաստանում, Հայաստանում, Տաջիկստանում, Ուկրաինայում, 2022-ին՝ Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում, իսկ 2023-ին՝ Մոլդովայում։

Խորհրդակցության շրջանակում գործընկերները փորձի փոխանակում կատարեցին գյուղատնտեսության վիճակագրության կազմակերպման ոլորտում, քննարկեցին ԱՊՀ երկրներում մթերային անվտանգության մոնիթորինգի եւ մթերային ռեսուրսների հաշվեկշռի հաշվարկի խնդիրը, Կայուն զարգացման նպատակների ցուցանիշների մոնիթորինգի կազմակերպումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ։