Երեքշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանմդիպման ժամանակ նրան է նվիրել  Բելառուսում ծառայության մասին դոսյեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես որոշեցի ձեզ նվիրել Ժամանակին Բելառուսում ձեր ծառայության եւ աշխատանքի մասին դոսյեն (1974-1975 թվականներին Պատրուշեւը Մինսկում ՊԱԿ բարձրագույն դասընթացների ունկնդիր էր),- ասել է Լուկաշենկոն: - Ես հասկանում եմ, որ դուք այդ տարիները գնահատում եք: Հասցեները, գաղտնագրերը, հանդիպման վայրերը՝ ամեն ինչ այստեղ է: Բայց զարմանալի է՝ այն տարիներին ոչ մի շեղում չի հայտնաբերվել, այդ պատճառով էլ մեծ մարդ եք դարձել»:

Բելառուսի նախագահը նշել է, որ ՌԴ ԱԽ քարտուղարի համար, հավանաբար, «հաճելի կլինի հիշել այդ տարիները»:

Լրագրողների հետ զրույցում Պատրուշեւն ասել է. «Ինձ համար միշտ հաճելի է Մինսկում լինել, ես այստեղ ավարտել եմ ԽՍՀՄ ՊԱԿ բարձրագույն դասընթացը: Հաշվի առնելով, որ դա եղել է երիտասարդ տարիներին, դրանք ամենաբարի հիշողություններն են»:

Նա շեշտել է, որ Մինսկը «աչքն ուրախացնում է, շատ լավ տեսք ունի»: «Ոչ միայն Մինսկը: Երբ լինում ես նաեւ ձեր այլ շրջաններում, նույնպես շատ լավ տպավորություն են թողնում»,- հավելել է Պատրուշեւը:

ՌԴ ԱԽ քարտուղարն այսօր Մինսկում է անվտանգության հարցերով ռուս-բելառուսական միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 5-ին հայտնել էր, որ Մինսկ Պատրուշեւի այցի ժամանակ կքննարկվեն սպառազինության վերահսկման միջազգային մեխանիզմները եւ մի շարք այլ հարցեր: