Տուգանքների ավելացումը չի հանգեցնում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցմանը, այլ միայն առաջացնում է հանրության դժգոհությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ նիստի ժամանակ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այդ առնչությամբ նոր մեխանիզմներ ձեւավորելու անհրաժեշտություն է առաջացել, որոնք կազդեն վարորդների վրա իրենց իրավունքների սահմանափակման, մասնավորապես՝ բալային համակարգի ներդրման միջոցով: Փոխոստիկանապետը նշեց, որ նոր մոտեցումն առաջարկում է հօգուտ «իրավախախտում-տուգանք+տուգանային բալ» համակարգի «իրավախախտում-տուգանք» համակարգից հրաժարում, ինչը կմեծացնի վարչական իրավախախտումների կանխման արդյունավետությունը:

«Օրինագծում վերանայվել է տուգանքների որոշ տեսակների համաչափությունը՝ կախված հանրության համար վտանգներից: Իրավախախտումների 100 տեսակներից 26 դեպքերում առաջարկվում է տուգանքների նվազում, մասնավորապես՝ 10 տեսակի համար 50%, իսկ 7-ի համար՝ ավելի քան 50%»,- հայտնեց Քոչարյանը:

Նշենք, որ բալային համակարգը ներառում է 20 տեսակի իրավախախտումներ, որոնք կազմում են ՃՏՊ-ների պատճառների մեծ մասը: