Նորվեգիայում սննդամթերքի անվտանգության ծառայությունը հայտնել է շների անսովոր հիվանդության մասին: Ախտանիշներն են փսխում եւ արյունալի լուծ: Անցած շաբաթ նման առնվազն 25 դեպք է գրանցվել, մեծ մասը՝ Օսլոյում եւ քաղաքի ծայրամասերում, ինչպես նաեւ Բերգեն եւ Թրոնհեյմ քաղաքներում, հաղորդում է Nat-geo-ն: 

«Դա շատ լուրջ հիվանդություն է շների համար, սակայն մենք դեռեւս չգիտենք՝ վարակիչ է այն, թե ոչ»,- ասել է ծառայության ղեկավարը:

Հարեւան Շվեդիայում Ազգային անասնաբուժական ինստիտուտը հայտնել է, որ իրենց դիմում են շների տերերը, որոնց անհանգստացնում է սահմանի միջոցով հիվանդության տարածումը:

Ինստիտուը հավելել է, որ այժմ տեղեկություն չունի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բռնկումը կամ արդյոք այն վտանգավոր է Շվեդիայում շների համար: