Եվրամիությունը կստեղծի նոր պաշտպանական եւ տիեզերական ստորաբաժանում զինված ուժերի ֆինանսավորման, զարգացման համար, ասել է Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովում պաշտպանական բաժանմունքի ստեղծումը, ինչին երկար ժամանակ ընդդիմանում էր Բրիտանիան, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի փորձն է՝ կանգնեցնել ԵՄ ազդեցության թուլացումը, քանի որ այն բախվում է ԱՄՆ ուժեղ ճնշմանը, որը պահանջում է Եվրոպայից ավելի շատ միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման համար։

«Եվրամիությունը երբեք ռազմական միություն չի լինի»,- ասել է ֆոն դեր Լյայենը։ «Բայց Եվրամիության անդամ պետությունները բազմիցս ասել են, որ ընդհանուր գնումները նրանց զինված ուժերի համար առաջնահերթ նշանակություն ունեն»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ այդ պլանն օգտակար կլինի ՆԱՏՕ դաշինքին՝ ԱՄՆ ղեկավարությամբ, որի մեջ մտնում են ԵՄ շատ պետություններ։ «ՆԱՏՕ-ն միշտ կլինի (մեր) կոլեկտիվ պաշտպանությունը»։

Պաշտպանական բաժանմունքը կհիմնվի ԵՄ ռազմական պակտի վրա, որը ստորագրվել է 2017-ի վերջին, պաշտպանության ուժերի ինտեգրման համար՝ նոր զենքի  մշակման եւ արագ տեղակայման ճանապարհով։

Տիեզերքը նույնպես դառնում է այնպիսի ոլորտ, որտեղ ԵՄ-ը ցանկանում է համատեղ մշակել տեխնոլոգիաներ, հատկապես այն բանի հետ կապված, որ Չինաստանը, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ստեղծում են տիեզերական զենք, որը կարող է խփել թշնամական հրթիռները եւ ՀՕՊ միջոցները կամ ոչնչացնել արբանյակներ։