ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու առավել խորացմանը:

ԱԳ նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարեւորությունը: Այդ համատեքստում ընդգծվեց ԱԳՆ առաջնային գործառույթը՝ մեր անմիջական դերակատարների եւ միջազգային գործընկերների միջեւ համագործակցության հարթակներ ստեղծելու եւ այդ ամենը մեր զարգացման օրակարգի առաջմղմանը ծառայեցնելու առումով։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ նախարարն արժեւորեց Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ նաեւ որպես գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս համատեքստում նաեւ առանձնահատուկ կարեւորեց մարդկանց միջեւ շփումների խթանումը:

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք կարեւոր հարցերի շուրջ: