Վարչապետը մեզ հետ հանդիպմանը խոստացել էր, որ «լայվով» հանդես կգա եւ այն, ինչ մեզ էր ասել, նույնը կասի եւ կոչ կանի Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակելու Ամուլսարը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ Ահարոն Արսենյանը։ Նա կարծում է՝ վարչապետն էլ չի ուզում, որ Ամուլսարը որպես հանք շահագործվի, բայց ինչ-որ բան ազդում է նրա որոշման վրա։

«Վարչապետը հայտարարում է, որ հիմքեր չունենք ճանապարհը փակելու, բայց այս ամբողջ ընթացքում մենք տեսանք, թե ինչեր են կատարվում, «Էլարդի» հայտարարությունները տեսանք, եւ հասկանալի է, որ ինչ որ ուրիշ խնդիր կա, եւ մենք փորձելու ենք հասկանալ, թե որն է պատաճառը, որ վարչապետը կաշկանդված է, իրականում կա՞ն ճնշումներ, թե՞ չկան։ Վարչապետը «Էլարդի» հետ սկայպ հեռախոսազրույցից հետո, երբ «Էլարդն» ասում էր, որ միանշանակ կասկածի տակ է դրվում ՇՄԱԳ-ի նորմալ լինելը, հայտարարում է, թե հիմքեր չկան։ Հասկանալի է, որ կան ուրիշ պատճառներ»,- ասաց Ահարոն Արսենյանը։

Նա անդրադարձավ նաեւ քննադատությանը, թե ինչո՞ւ մյուս հանքերի պարագայում նման գործողությունների չեն դիմում։

«Երբ որ Ամուլսարում շրջափակում տեղի ունեցավ, պետական պաշտոնյաներն անընդհատ մեզ հարց են տալիս, բա ինչո՞ւ մնացած հանքերը չեք փակում։ Նախ ասեմ, հո ջերմուկցիները չե՞ն գնալու մնացած հանքերը փակեն։ Վարչապետն իր «լայվում» եւս նման հայտարարություն արեց, եւ հիմա, եթե 90 օրվա ընթացքում մենք ժամանակ ենք տալու, որ շտկվի Լիդիանի արած թերությունները, ապա մնացած հանքերն, եթե այդքան վտանգավոր են, որեւէ մեկին 90 օր ժամկետ տվե՞լ են, հնարավորություն ունե՞ն, կա՞ այդպիսի պետական պաշտոնյա, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը կլինի, թե ավելի կոպիտ վարչապետ, կարո՞ղ է Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատին 90 օր ժամանակ տա՝ որեւէ թերոււթյուն վերացնելու համար։ Ոչ, չի կարող։