Մահվանից առաջ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին իրեն սպանողներին խնդրել է բերանը չփակել, քանի որ նա տառապում էր ասթմայով եւ կարող էր խեղդամահ լինել։

Թուրքական «Սաբահ» թերթը լրագրողին սպանելու ուղարկված սաուդյան հարվածային ջոկատի անդամների եւ Խաշոգջիի զրույցի նոր հատվածներ է հրապարակել։

Նշվում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալությունը ստացել է Խաշոգջիի դաժան սպանության ձայնագրությունը։

Հոդվածի համաձայն, ջոկատի անդամներից մեկը Խաշոգջիին ասում է, որ նրան Ինտերպոլի հրամանով պետք է տանեն Էր Ռիադ։

Լսելի է նաեւ, որ տղամարդը փորձում է Խաշոգջիին ստիպել, որպեսզի նա որդուն հաղորդագրություն ուղարկի եւ զգուշացնի, որ չանհանգստանա, եթե հորից լուր չունենա։

Խաշոգջին ամերիկյան Washington Post թերթի թղթակից էր եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում։ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, մտնելով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, նա անհետացել էր։ Բարձրացված աղմուկից հետո հոկտեմբերի 20-ին ՍԱ պետական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսության աշխատակիցների հետ վեճի հետեւանքով։

Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը եղելէ կանխամտածված եւ կազմակերպված, իսկ նրա մարմինն անդամահատվել եւ ոչնչացվել է։ Ըստ սաուդյան գլխավոր դատախազության հայտարարության, այդ գործով կալանավորված է 21 մարդ, որոնցից 5-ի համար, ովքեր սպանության անմիջական մասնակիցներն են,  դատախազությունը մահապատիժ է պահանջել։