Սեպտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղիում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել և Nissan March մակնիշի  ավտոմեքենայով հեռացել:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ և մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները պարզել են կրակոց արձակողի գտնվելու վայրը։

Ոստիկանները նրան հայտնաբերել են Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում և նրան՝ Այնթապ գյուղի բնակիչ 28-ամյա Հայկ Ստեփանյանին, բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:

Նրա մոտ հայտնաբերվել է նաև ՊՄՌ 9մմ գազային ատրճանակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեություններով՝ Հ. Ստեփանյանը կրակոցները արձակել է, երբ մասնակցելիս է եղել կնունքի արարողությանը։