ԱՄՆ-ի հետ բանակցություններում Մեքսիկայի համար առանցքային խնդիրը Միացյալ Նահանգների տարածքից զենքի մաքսանենգությունն է, հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը՝ Վաշինգտոնում կայացած ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք ցանկանում ենք սառեցնել ԱՄՆ-ից Մեքսիկա զենքի թրաֆիքը: Սա գլխավոր խնդիրն է, որը քննարկում ենք: ԱՄՆ-ի համար այդպիսի թեմա է Մեքսիկայի տարածքով ապօրինի ներգաղթը»,- հայտնել է Էբրարդը բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը կատարվել է Մեքսիկայի ԱԳՆ Twitter-յան էջում:

Նախարարի խոսքով՝ հուլիսից, երբ Պոմպեոյի հետ բանակցություններում ամերիկյան զենքի ապօրինի շրջանառության վերահսկման թեման առաջնահերթությունների թվին էր դասվել, գործում է ԱՄՆ-ից Մեքսիկա զենքի մաքսանենգության վերահսկման երկկողմ աշխատանքային խումբ:

«Մեքսիկայում բազավորված աշխատանքային խմբի կազմի մեջ են մտնում հյուսիսամերիկյան առանցքային գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Մեքսիկայում ԱՄՆ դեսպանը: Խումբը պատրաստում է ամենամսյա զեկույցներ ԱՄՆ տարածքից Մեքսիկա զենքի ապօրինի փոխադրման մասին»,- հավելել է Էբրարդը:

Մեքսիկայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ 10 տարում ապօրինի երկիր է բերվել 2 մլն միավորից ավելի հրազեն, որի շուրջ 70 տոկոսը կատարվում է ԱՄՆ-ից: