Սաուդյան Արաբիան քննադատել է Հորդանան գետի Արեւմտյան ափի մի մասի հնարավոր բռնակցման մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սաուդյան մամուլի գործակալությանը:

«Թագավորությունը կարծում է, որ Նեթանյահուի հայտարարությունը շատ վտանգավոր էսկալացիա է՝ ուղղված պաղեստինցի ժողովրդի դեմ, եւ ՄԱԿ-ի Կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների ու միջազգային նորմերի ուղիղ խախտում է»,- ասվում է տեքստում:  

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ Սաուդյան Արաբիան ԱԳ նախարարների մակարդակով տվյալ հարցի քննարկման ու Իսրայելի վարչապետի մտադրություններին հակահարված տալու շտապ ծրագիր մշակելու համար Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ է հրավիրել:

Նախօրեին իր ուղերձում Նեթանյահուն հայտարարել էր, որ սեպտեմբերի 17-ին խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում իսրայելական ինքնիշխանություն կտարածի Հորդանան գետի Արեւմտյան ափի հատվածում:

2016թ. ՄԱԿ-ի ԱԽ 2334-րդ բանաձեւն Իսրայելից պահանջում է դադարեցնել Արեւմտյան ափին բնակեցման գործունեությունը: Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հրաժարվել էր կատարել փաստաթղթի այդ դրույթը: Իսրայելն այդ հատվածում վերահսկողության կես դարվա ընթացքում կառուցել է մոտ 120 բնակավայր, որոնք համարվում են պաղեստինցիների հետ խաղաղ գործընթացի վերսկսման հիմնական խոչընդոտներից մեկը: