Ամերիկայի Հայկական ասամբլեան հայտարարել է, որ սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնում տեղի ունենալիք Ասամբլեայի ազգային համաժողովի ժամանակ ամերիկա-հայկական հարաբերությունների թեմայով ելույթ կունենան մի խումբ դիվանագետներ:

Ելույթ ունեցողների թվում կլինեն՝ 2004-2006 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, 2011-2014 թվականներին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, որն այս պահին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականն է, ինչպես նաեւ 1993-1999 թվականներին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը եւ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Համաժողովի հիմնական զեկուցողն է Մասնավոր արտասահմանյան ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր տնօրեն Դեւիդ Բոգիգյանը: OPIC-ն երկար տարիներ օգնել է Հայաստանում բազմաթիվ նախագծերի ֆինանսավորմանը: