Օրինագծով առաջարկվում է պարզեցնել անշարժ գույքի հարկման տեսակները՝ միավորելով գույքահարկն ու հողի հարկն անշարժ գույքի մեկ հարկատեսակի մեջ: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրի հաշվարկման կարգի հաստատման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ զգալիորեն կբարձրանա առանձնապես թանկ անշարժ գույքի հարկը:

«Դա թույլ կտա ակտիվացնել նաեւ արտադրական հարթակները, քանի որ կան տարածքներ, որոնք չեն ապահովում արտադրանքը»,- նշեց Պետրոսյանը:

Նա հստակեցրեց, որ ՀՀ ողջ տարածքի համար կընդունվի հարկման բազային չափ՝ բազմապատկված գործակիցներով, որոնք, իրենց հերթին, կհաշվարկվեն՝ կադաստրային գոտիավորման համաձայն:  

«Հայաստանի 12-գոտիանոց կադաստրային բաժանումը կդառնա 20-գոտիանոց եւ ավելի թիրախային»,- հայտնեց Պետրոսյանը: